Անցած մի քանի տարվա ընթացքում Հայաստանն ավելի հետաքրքիր է դարձել երիտասարդ զբոսաշրջիկների համար: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Եթե 2006-07-ին 18-35 տարեկանները օտարերկրյա զբոսաշրջիկների ընդամենը 6 տոկոսն էին կազմում, 2013-ին նրանք արդեն 34 տոկոս են կազմել: «Դա նշանակում է, որ երիտասարդներին եւս հետաքրքիր է Հայաստանում: Մեզ մոտ արդեն մոտ երկու տասնյակ հոսթելներ կան, իսկ ընդհանուր առմամբ` մոտ 340 հյուրանոցային տնտեսություն: Միայն վերջին 3 տարվա ընթացքում ավելի քան 20-ն է բացվել», - հայտնել է Ապրեսյանը:
Եթե համեմատենք 2000 թվականի հետ, հանրապետությունն անճանաչելիորեն փոխվել է, հավելել է Ապրեսյանը: Այն ժամանակ երկրում ընդամենը 3-4 հյուրանոց կար, որոնք կարող էին օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել, եւ բոլորը` Երեւանում: Իսկ այժմ վերոհիշյալ 340 հյուրանոցային օբյեկտներից ավելի քան 60 տոկոսը մարզերում է, չհաշված ավելի քան 200 հյուրատները (B&B) մարզերում եւ Երեւանում: Իսկ ընդհանուր առմամբ երկրում մոտ 10 հազար հյուրանոցային վայր կա, հավելել է Ապրեսյանը։




























