Հայաստանի կենտրոնում նոր աղբանոցի շինարարությունը կսկսվի 2016թ. գարնանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը։ Նրա խոսքով՝ մինչեւ այդ կունենանք աղբանոցը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ տեխնիկան։

Աղբանոցը կլինի Հրազդան քաղաքում եւ կսպասարկի միանգամից 2 մարզ՝ Գեղարքունիքն ու Կոտայքը։ Դեռեւս 2011թ. մշակած Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի աղբանոցը պլանավորվում էր կառուցել Գագարին ավանում՝ Սեւանի ջրահավաք ավազանից հեռու։ Իսկ երբ մենք խոսեցինք 2 մարզի մասին, մենք որոշեցինք աղբանոցը տեղադրել Հրազդանում։ «Դրա համար արդեն կատարվել են անհրաժեշտ հետազոտություններն ու տեխնիկական հիմնավորումը»,- պարզաբանել է Բախշյանը։

Նախագծի միջոցները կհատկացվեն ՎԶԵԲ-ի 3.5 մլն եվրո արժողությամբ վարկից եւ Եվրոպական հարեւանության ներդրումային քաղաքականության գործիքի դրամաշնորհից։ Դրա շարունակությունը նախատեսում է ՎԶԵԲ-ից լրացուցիչ 2 մլն եվրո վարկ տրամադրել եւ նման մի դրամաշնորհ որեւէ միջազգային դոնորից։ Այսպիսով՝ ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմի 11 մլն եվրո։