Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել փողոցի տներից մեկի պատին, ինչի հետեւանքով պատը փլուզվել է, տանը կան տուժածներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերում են օգնություն. անհրաժեշտ է նաեւ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 55 VV 556 համարանիշի (վարորդի տվյալներն անհայտ են) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել տանը հարակից խորդանոցի պատին (4 քմ), ինչի հետեւանքով պատը փլուզվել է՝ վնասելով խորդանոցում գտնվող՝ 13-ամյա Ա. Գ.-ին եւ 29-ամյա Մ. Գ.-ին: Վերջիններս տեղափոխվել են թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























