Երեւանի Սարի թաղում այսօր՝ դեկտեմբերի 28-ին բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրված տանը հայտնաբերվել են նույն ընտանիքի անդամների` ամուսինների եւ նրանց դստեր մարմինները` 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա Մուրիջանյանների եւ 60-ամյա Հասմիկ Մուրիջանյանի:

NEWS.am-ի հետ զրույցում նրանց հարեւաններից մեկը պատմեց, որ Էմման եւ Հասմիկն արդեն մի քանի տարի է անկողնային հիվանդներ են եղել, չեն կարողացել քայլել եւ հրդեհի պահին էլ անօգնական պառկած են  եղել: Ընտանիքի հայրը` Հայկազը, նույնպես հիվանդ է եղել եւ մեծ դժվարությամբ է կարողացել տեղաշարժվել: Հարեւանները մեզ պատմեցին, որ տանը եղել է նաեւ հոգեկան խնդիրներ ունեցող Հայկազ եւ Էմմա Մուրիջանյանների երկրորդ դուստրը, որը հրդեհի պահին դուրս է փախել, հետո նորից փորձել է մտնել այրվող տուն, սակայն հարեւանները թույլ չեն տվել: Հարեւանների խոսքով, հոգեկան խնդիրներ ունեցող աղջկան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հոգեբուժարան:

«Բացի իրենցից, մի հատ էլ շուն ունեին, շունն էլ է այրվել: Մենք իրենց հետ չէինք շփվում, քանի որ բոլորը հոգեկան խնդիրներ ունեին, մի քանի անգամ դիմել ենք համապատասխան մարմիններին, որ գան տանեն հոգեբուժարան, քանի որ չի կարելի թույլ տալ, որ իրենք այստեղ ապրեն: Չեկան, ոչ մի բան չարեցին ու հետեւանքները հիմա տեսնում ենք: Վառարան էին վառում, հնարավոր է` դրանից հրդեհ բռնկված լիներ: Մի հատ էլ տղա ունեն, մեկ-մեկ գալիս էր, իրենցից առանձին էր ապրում»,-պատմեց հարեւանը:

Նշենք, որ հրդեհից ամբողջությամբ այրվել է  նաեւ Մուրիջանյանների տան հարեւանությամբ բնակվող Գայանե. Գ-ի տունը, որը հրդեհի պահին տանն է եղել եւ կարողացել է դուրս գալ: Հրդեհից մասամբ վնասվել են նաեւ հարեւան 2 տների տանիքները:

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ-ում ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանիքում: Հայտարարվել էր հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 եւ Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 87-ամյա Հ. Մ.-ն, 84-ամյա Է. Մ.-ն եւ 60-ամյա Մ.-ն գտնվում են տանը, իսկ 56-ամյա Մ. Մ.-ն տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: Այրվել են թիվ 135/1 եւ 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 եւ թիվ 137 տների տանիքները՝ մասնակի: