ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Ձեր գործերը վաղուց ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս, ընդգրկվել աշխարհի շատ երկրների ցուցասրահներում ու թանգարաններում:
Հավատարիմ մնալով հայ ազգային արվեստի լավագույն ավանդույթներին՝ Ձեր աշխատանքներում Դուք արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը, երազանքները, խոհերը, ապրելու եւ արարելու ձգտումը:
Սիրելի՛ վարպետ, կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:




























