20-ամյա Գեւորգ Սերոբյանը եւ Հովհաննես Մարկոսյան բերման են ենթարկվել Երեւանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարելու կասկածանքով:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ եւ դիմել փախուստի:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի եւ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Գեւորգ Սերոբյանը (ով նաեւ մասնակից է եղել դեկտեմբերի 20-ին Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակմանը) եւ նույն թվականին ծնված Հովհաննես Մարկոսյանը:
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:
Գ. Սերոբյանը ձերբակալված է, ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Մարկոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:



























