«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Վահե Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը:
Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաեւ բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաեւ բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը մերժվել էր:



























