Նախանշանները սնահավատությունից պետք է տարբերել: Ժողովրդական նախանշանները երկու երեւույթների միջեւ կայուն կապն է, որոնցից մեկը հասկացվում է որպես նշան, իսկ երկրորդը՝ որպես դրա մեկնաբանություն: Օրինակ կան եղանակի կանխատեսմանը վերաբերող նախանշաններ: Ասենք, «ծիծեռնակները ցածր են թռչում, ուրեմն անձրեւ է գալու»: Իսկ սնահավատությունը կապակցում է այն երեւույթները, որոնց միջեւ որեւէ օբյեկտիվ կապ կամ չկա, կամ էլ այն բարդ է հասկանալը: Ասենք սեւ կատվի վերաբերյալ հիմար ու բացարձակապես անհիմն սնահավատությունը:
Հասկանալի է, որ ամանորյա տոնի վերաբերյալ նույնպես նախանշաններ ու սնահավատություններ կան, որոնց միջեւ սահմանագիծը երբեմն շատ փխրուն է: Դրանք բազմաթիվ են, դրա համար էլ միայն մի քանիսն ենք ներկայացնում: Ասենք, խորհուրդ են տալիս Նոր տարուն նոր ավել գնել, այն կարմիր ժապավենով զարդարել ու դնել խոհանոցի անկյունում՝ ավլող մասը դեպի վեր: Նոր ավելը, իհարկե, անհրաժեշտ բան է տանը: Չնայած դեկորատոիվ ավելներ նույնպես վաճառում են՝ զուտ ինտերիերի համար:
Մեկ այլ գործնական խորհուրդ, որը դժվար է դասել սնահավատությունների շարքին՝ Նոր տարուց առաջ խորհուրդ են տալիս տանը մաքրություն անել, մաքրել ապակիները ու փայլեցնել հայելիները: Նաեւ տանից հանել ջարդված, ճաքած կամ փշրված սպասքը: Իտալացիների մոտ վաղուց է նման ավանդույթ ձեւավորվել. հին իրերը՝ ընդհուպ խոշոր կահույքը, պատուհանից դուրս են նետում: Այնպես որ տարվա այդ օրերին Իտալիայում խորհուրդ փողոցում զբոսնել չի տրվում:
Հին ժամանակներում հայերի մոտ սովորություն կար՝ ամանորյա գիշերը դռները բաց թողնել որպեսզի երջանկությունը փողոցից տուն մտնի: Իսկ հիմա, երբ կենտրոնական ջեռուցումից միայն հիշողություններ են մնացել, սառնամանիքին դռները բաց թողնել խորհուրդ չի տրվում: Կար նաեւ այսպիսի նախանշան՝ նոր տարին կախված է նրանից, թե ով է առաջինը գալիս ձեզ շնորհավորելու: Եթե լավ մարդ է եկել՝ ուրեմն տարին լավը կլինի՝ հաջող ու փողաշատ: Եվ նաեւ հակառակը ...




























