Ճապոնիայի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի տեղեկացրել է 103 հազարից ավելի մարդու բժշկական ապահովագրության անձնական տվյալների արտահոսքի մասին:  

Բժշկական ապահովագրության տեղեկություններում անուն-ազգանունից բացի, նշված էր մարդու ապահովագրական պոլիսի համարը, հասցեն, հեռախոսը: Կողմնակի նշաններից նախարարությունը ենթադրում է, որ արտահոսքը տեղի է ունեցել հիվանդանոցների եւ դեղատների միջոցով: Առողջապահության նախարարությունը չի տեղեկացնում, թե ինչ  եղանակով է հայտնաբերվել դա, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»: 

Տվյալները կարող են հայտնվել անբարեխիղճ առեւտրական կառույցների եւ քրեական շրջանակների ձեռքերում, բայց առայժմ առանց տերերի գիտության պոլիսի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: 

Նախարարությունը հետաքննում է տեղի ունեցածի պատճառները եւ կպարզի, թե ինչ ուղիներով կարող էր տեղի ունենալ արտահոսքը: 

Այս տարվա հունիսին Ճապոնիայի թոշակային հիմնադրամը տեղեկացրել էր ցանցահենային գրոհի հետեւանքով  1,25 մլն տվյալի արտահոսքի մասին: Տվյալները ներառում էին բանկային հաշվեհամարներ եւ այլ տեղեկություններ: