ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21:40-ին, «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրող-ծակող վերքերով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 3 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս։

Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրը վնասվածքներ ստացած 3 անձինք ճանաչվել են որպես տուժող:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 20-ի սահմաններում, Ստեփանավանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ  նշված անձանց դանակի գործադրմամբ պատճառվել են  մարմնական վնասվածքներ: Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես անչափահաս է եւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին նշված հանցագործությունը կատարելու  կասկածանքով  ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների եւ կասկածյալի հագուստները, վերցվել են արյան նմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մի խումբ տղաների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Վիրավորված անչափահաս տղաներից մեկի վիճակը ծանր է: Ստեփանավանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվել են վեճին մասնակից երեք տղաներ: «15 տարեկան Արա Միրզոյանի վնասվածքը լուրջ է, վնասվել է ենթաստամոքսային գեղձը»,- ասել էր հիվանդանոցի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ տղային տեղափոխում են Երեւան:

Մյուս երկու տղաները՝ 18-ամյա  Տիգրան Բաղդասարյանը եւ 15-ամյա Արարատ Շահնազարյանը մնում են Ստեփանավանի բժշկական կենտրոնում:

Տիգրանը որովայնի կողմնային պատի կտրած ծակած վերք ունի, Արարատը՝  կրծքավանդակի ձախ կեսի:

Հանգամանքները պարզվում են: