Հայաստանի պետական գանձարանի եկամուտային մասը անցած տարի համալրվել է նոր հոդվածով՝ նպատակային սոցիալական վճարներ: Սա ձեւափոխված «պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներն են», որոնք ժամանակին բուռն դժգոհություն էին առաջացրել հասարակությունում: Հիմա դրանք վճարում են միայն պետական սեկտորի աշխատակիցները, իսկ մասնավոր սեկտորը փուլ առ փուլ է անցնելու դրան:
Սակայն նշված «նպատակային վճարները» խեղաթյուրում են պետբյուջեի եկումտների դինամիկայի պատկերը: Նկատենք, որ օրինակ Ռուսաստանում ապահովագրական ու կուտակային մուծումներն ընդգրկված են Կենսաթոշակային հիմնադրամում: Հիշեցնենք, որ այդ հիմնադրամը ժամանակին Հայաստանում առանձին էր գործում, բայց հետո ներառվել է պետբյուջեում: Հիմա կենսաթոշակի ապահովագրական մասը (արդեն նախկին եկամտահարկի հետ միասին) ներառված է եկամտից գանձվող հարկի մեջ, իսկ կուտակայինը՝ նշված «նպատակային վճարներն» են:
Սկզբում նշենք, որ պետբյուջեի հարկային եկամուտները հունվար -նոյեմբերին տարեկան կտրվածքով 1.9 մլրդ դրամով կամ 0.2 տոկոսով աճել են: Աճը զուտ խորհրդանշական է, բայցեւայնպես դրական: Սակայն պատկերը տրամագծորեն փոխվում է, եթե հարկերի դինամիկան դիտարկենք առանց «նպատակային վճարների»:
Եվ այսպես, առանց «նպատակային վճարների», հունվար- նոյեմբերին հարկերի հոսքը տարեկան կտրվածքով կրճատվել է 5.1 մլրդ դրամով կամ 0.5 տոկոսով: Դրա պատճառները հիմնականում կապված են ավելացված արժեքի հարկի հետ, որի հավաքագրումը նշված ժամանակահատվածում նվազել է ավելի քան 20.8 մլրդ դրամով կամ էլ 5.1 տոկոսով: Դրան հաջորդում է շահութահարկը՝ 10.4 մլրդ դրամ, կամ էլ 8. 0 տոկոսի անկումով:
Դրական տեղաշարժ կա մաքսատուրքի գծով, որի հավաքագրումը հունվար – նոյեմբերին ավելացել է գրեթե 10.4 մլրդ դրամով, կամ էլ 22,6 տոկոսով: Նկատենք, որ այս հաջողությունը ապահովվել է ներմուծման՝ 26,2 տոկոսի կրճատման պայմաններում: Դե իսկ ամենամեծ ձեռքբերումն արձանագրվել է «եկամտից հարկի» գծով՝ 20.1 մլրդ դրամի կամ 7.7 տոկոսի աճ:




























