Մեր պետությունը դեռ գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, բայց առաջիկայում կլինի սպասված խաղաղությունը և Հայաստանն էլ ավելի կհզորանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս այցելության ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ

Նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել խաղաղություն, ուժ և կորով: Նախարարը շեշտել է, որ  մեր ժողովրդի այսօրվա խաղաղ, կյանքը և ստեղծագործ աշխատանքն ապահովում են իրենք` սահմանը պաշտպանող զինվորները:

Բնապահպանության նախարարը հայտարարել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է, մեր պետությունը դեռ գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, բայց առաջիկայում կլինի սպասված խաղաղությունը և Հայաստանն էլ ավելի կհզորանա:

Զորամասի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նկատել է, որ հայ զինվորն անհողդողդ կանգնած է Հայաստանի Հանրապետության սահմաններին և թույլ չի տա, որ խաթարվի մեր ժողովրդի անդորրը:

Զինծառայողներին շնորհավորելու նպատակով զորամաս էր այցելել նաև «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով իր մայրական բարեմաղթանքներն ու  շնորհավորանքն է փոխանցել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի և զորանոցային պայմանների հետ: