Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերը կարող է իր արխիվը նվիրաբերել Հայաստանին, մինչեւ կգտնեն տարածք հավաքածուի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը։
Նախարարը հիշեցրեց իրանահայ հայտնի նկարիչ Մարկոս Գրիգորյանի նախադեպը։ «Արա Գյուլերին հրավիրեցինք Հայաստան, եւ այդ հրավերի արդյունքում նա իր լուսանկարների մեծ քանակը թողեց նվեր պատկերասրահին, եւ մենք որոշում կայացրեցինք մշտական ցուցադրություն կազմակերպելու, ինչպես ժամանակին Մարկոս Գրիգորյանի դեպքում։ Որպեսզի մտավախություն չլինի, որ ցուցադրությունը երբեւիցէ կփակվի, մենք մշտական ցուցադրություն թողեցինք պետական պատկերասրահում՝ ասելով, որ երբեք չի լինի այնպիսի ժամանակ, որ ցուցադրությունը փակվի։ Եթե նույնիսկ այս սրահում փակեցինք, կտեղափոխենք այլ վայր։ Այսինքն՝ մենք ունենք մշտական Արա Գյուլերի անկյուն։ Եթե հնարավորություն կա Հայաստանին նվիրատվություն անել, մինչեւ որ մենք մշտական տարածք գտնենք, դրա կողմակիցն ենք։ Մենք միշտ պատրաստ ենք այն ընդունել ու համապատասխան հոգատարությունը ցուցաբերել»,-ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուն եւս այդ ճանապարհով է անցել։ «Երբ որ Մարկոս Գրիգորյանի Միջին Արեւելքի հավաքածուն տեղափոխում էինք Գրականության եւ արվեստի թանգարան, այն ժամանկ էլ ասում էինք՝ ժամանակավոր է, մինչեւ տեղ կգտնենք։ Թեեւ դժվար վիճակ էր, ցուցադրական տարածքներ չկային, բայց երբեւիցէ այդ ցուցադրությունը չփակվեց։ Նույն ձեւաչափով շարժվելու ենք Արա Գյուլերի պարագայում։ Որեւէ խոչընդոտ չունենք Արա Գյուլերի հավաքածուն ընդունելու եւ մշտական ցուցադրությունը կլինի այնքան ժամանակ մինչեւ որ գտնենք նոր տարածք»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:
Դիտարկմանը, թե հաճախ հյուրանոցի, առեւտրի կենտրոնի կամ որեւէ ժամանցի վայրի համար ավելի հեշտ է լինում տարածք գտնել, քան մեծանուն ստեղծագործողների համար, Պողոսյանը հիշեցրեց Ցեղասպանության նորակառույց տուն-թանգարանի, Մատենադարանի նոր մասնաշենքի մասին, ապա հավելեց. «Եկող տարի կբացվեն չորս ամբողջովին վերանորոգված տուն-թանգարաններ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի եւ Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ սերտ կապեր ունեցող ««Doğuş» հոլդինգի միջեւ կնքված «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը եւ լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել էր դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը: Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաեւ նրա ժառանգները կստանային ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար: Գյուլերին էր պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի միայն 40%-ը: Սակայն այնուհետեւ Գյուլերը չեղյալ է հայտարարել պայմանագիրը: Լուսանկարչի մտերիմների խոսակցությունների համաձայն, պոլսահայ լուսանկարիչը չի հրաժարվել իր լուսանկարչական արխիվը Հայաստանին նվիրելու երազանքից:



























