Իրաքը դարձյալ Թուրքիային է դիմել` պահանջելով հանել զորքը երկրի հյուսիսային մասից, որտեղ զորավարժություններ են իրականացվում ահաբեկչական  «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Նշվում է, որ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտնել է, որ Բաղդադը կշարունակի պնդել զորքերի խաղաղ դուրս բերումը, սակայն զգուշացրել է`  «պատերազմի սպառնալիքի դեպքում մենք կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր քաղաքացիներին ու մեր ռեսուրսները»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի իշխանությունները մերժել են երկրի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաք Մոսուլի ազատագրման գործում թուրքական կողմի օգնությունը: 

Դեկտեմբերի սկզբին Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քրդական ժողովրդական ջոկատների մարտիկներին մարզելու պատրվակով Թուրքիան   900 մարդուց բաղկացած ջոկատ է ուղարկել: Այդ կապակցությամբ Իրաքը ՄԱԿ-ին բողոք է ներկայացրել, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը դա  «անազնիվ քայլ» է կոչել: