Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, ճաշել զինվորների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը կարեւորել է տոների նախօրեին զինվորների հետ շփումը եւ նշել. «Մենք պարտավոր ենք լինել մեր սահմանապահների կողքին, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Մաղթում եմ, որ մեր երկրի բոլոր կետերում լինի խաղաղություն, որ 2016 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղ: Համոզված եմ, որ մենք էլ կանենք ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը զարգանա եւ ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ զինծառայողների հետ շփումների ժամանակ բարձրացվել է պայմանագրայինների աշխատավարձերի հարցը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն անպայման կքննարկի դրանք վերանայելու հնարավորությունը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման եւ խնդիրն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են անհաջողության: «Մենք ունենք մարտունակ բանակ եւ պատրաստ ենք յուրաքանչյուր ոտնձգության տալ համապատասխան հակահարված: Պատերազմը որեւէ ժողովրդի լավ բան չի բերելու եւ հակառակորդը որքան շուտ դա հասկանա, այնքան լավ իր համար: Մեր բանակը մարտունակ է, պատրաստ պաշտպանելու մեր սահմանը, հայրենիքը, Արցախը եւ ժողովրդին»,- ընդգծել է կառավարության ղեկավարն՝ ավելացնելով նաեւ, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Մարտական հենակետ այցի ավարտին Հովիկ Աբրահամյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն եւ խաղաղություն:




































