ԱՄՆ-ում նավթի մեկ շաբաթվա կոմերցիոն պաշարները (բացառությամբ ռազմավարական պաշարների) ավելացել են 2.6 մլն բարելով՝ հասնելով 487.4 մլն-ի: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ամերիկյան Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունը:
Ըստ Ռոսբալտի, վերլուծաբաններն ակնկալում էին, որ պաշարների ցուցանիշը կկրճատվի 2.457 մլն բարելով՝ հասնելով 482.343 մլն բարելի: Ամերիկյան նախարարության ներկայացրած տվյալներից հետո «սեւ ոսկու» համաշխարհային գների անկումն արագացել է, ընդ որում, Brent տեսակի նավթի գինն էժանացել է ավելի քան 3%-ով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Մոսկվայի ժամանակով 18:31-ի դրությամբ, Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն ընկել են 3.11%-ով՝ հասնելով 36.62 դոլարի՝ 1 բարելի դիմաց: WTI-ի փետրվարյան ֆյուչերսներն էլ անկում են ապրել 3.7%-ով՝ հասնելով 1 բարելը 36.47 դոլար ցուցանիշի:



























