Երեւանում 2016 թվականի հունվարի 1-ին ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով ձերբակալված «Նոր Հայաստանի» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանն այսօր՝ հունվարի 2-ին, առերեսվել է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ Գեղամ Խաչատրյանը ճանաչվել է տուժող:
«Գեղամն ակնհայտ հանցագործ է, հրապարակում այնպես էր իրեն պահում, կարծես ռինգում էր. ձեռքով, ոտքով հարվածում էր քաղաքացիներին, այդ թվում՝ Գեւորգին: Ինքը ճանաչվել է տուժող, այնինչ իրականում ինքն է հարվածներ հասցրել բոլորին»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք միջադեպի օրվա տեսանյութեր են մշակում, որտեղ երեւում է, որ ոստիկանն է հարվածել քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր եղել: ՄԻջադեպի հետեւանքով Գեւորգ Սաֆարյանը եւ 3 ակտիվիստ բերման էին ենթարկվել:
NEWS.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, ինչի շրջնակում ձերբակալվել է Գեւորգ Սաֆարյանը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























