Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երեւանի էլեկտրատրանսպորտի ցանցի տեխնիկա-տնտեսական հետազոտություն է պատվիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

«Մենք բանկին խնդրեցինք օգնել է տեխնիկա-տնտեսական հիմնավորման հարցում, եւ բանկը սեփական միջոցներով մեզ հետազոտություն պատվիրեց»,- նշեց Նիկոյանը: Քաղաքապետարանը առաջիկայում կստանա այն: Դրա հիման վրա քաղաքային իշխանությունները ցանկանում են մայրաքաղաքի տրոլեյբուսային տնտեսության արդիականացման համար ֆինանսավորման մասին համաձայնություն ձեռք բերել ՎԶԵԲ-ի հետ (նախնական քննարկումները տեւում են արդեն մի քանի տարի):

Նշենք, որ 2014 թվականին տրոլեյբուսները սպասարկել են մայրաքաղաքի ուղեւորահոսքի ընդամենը 2.6%-ը: «Երեւանյան էլեկտրատրանսպորտ» ընկերության գնահատմամբ, չնայած տրոլեյբուսներն ավտոբուսներից եւ միկրոավտոբուսներից ավելի հարմարավետ են, դրանց պահպանման համար երկար ժամանակ նվազագույն միջոցներ են հատկացվել: