Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 2400 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին եւ մոտ 3000 այցելու օգտվել է ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնից:

Համագործակցության շրջանակում Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։

2015 թվականի ընթացքում իրականացվել են նաեւ «Կուբիզմի ներածություն» եւ «Ինչ են պատմում զարդանկարները» կրթական ծրագրերը՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Վերջիններիս շրջանակներում կազմակերպվել է 70 կրթական պարապմունք, որոնց մասնակցել է 1200 երեխա, կազմակերպվել են շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների կյանքի, գործունեության եւ արվեստի ուղղությունների մասին ներկայացումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին, գաղափարներին եւ ոճին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կենտրոնի մասնագետների աջակցությամբ ստեղծել իր աշխատանքը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը 2015թ–ին թեւակոխեց նոր փուլ եւ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները խթան հանդիսացան երեխաների ու նրանց ծնողների համար հաղորդակցվելու արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ  հարստացնելու իրենց առցանց գիտելիքները», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ «Թանգարանային կրթությունը ԳԱԿ-ի առաջնայնություններից մեկն է, եւ մենք բարձ ենք գնահատում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին ուղղված մեր գործընկեր Beeline-ի շարունակական հովանավորությունը: Նախորդ տարի եւս Beeline-ի հովանավորությամբ բազմաթիվ երեխաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին եւ թանգարանային միջավայրում նորովի հաղորդ դարձան բազմապիսի ցուցադրությունների եւ հայ արվեստագետների աշխատանքներին»,– ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: