ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 6-ին 16–ամյա Խաչիկ Ղազանչյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը` 18–ամյա Սուրեն Մուրադյան, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 21:20-ին, «Արաբկիր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի  պողոտայից «կրծքավանդակի եւ վերին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել 1999 թվականի ծնված Ղազանչյանը:

Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասին սպանելու դիտավորությամբ նրա մարմնի կենսական կարեւոր նշանակություն ունեցող հատվածներին  սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցվել  Շախսուվարյան փողոցի շենքերից մեկի բակում՝ 2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։  Հարվածների հետեւանքով պատանուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ կրծքավանդակի երկկողմանի բազմաթիվ կտրած-ծակած վիրավորումների, երկկողմանի հեմոպնեւմոթորաքսի, պերիկարդի եւ սրտի ձախ փորոքի թափանցող վիրավորումների, ձախ թոքի բազմաթիվ կույր եւ միջանցիկ վիրավորումների ձեւով։

Խաչիկ Ղազանչյանի վիճակը ծանր է։ Նա կոմայի մեջ է։ Նշենք, որ մեղադրյալը Խաչիկի մանկության ընկերն է։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունվարի 11-ին  որոշում է կայացվել Ս.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին  մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է եւ հայտարարվել հետախուզում։ 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: