Հայաստանի Շիրակ մարզի Արթիկ քաղաքի տարածքում ուզում են «Արմսվիսբանկի» արտոնյալ վարկային ծրագրով գյուղացիական կոոպերատիվ ստեղծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

«Հիմա այնտեղ լուծվում են հողին վերաբերող հարցերը, որից հետո վարկի համար հայտ կներկայացնեն: Կոոպերատիվը կմիավորի մի քանի գյուղերի գյուղացիներին՝ խնդիրների լայն շրջանակ լուծելու համար»,- հայտնել է Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին «Արմսվիսբանկի» սեփականատեր, հայկական ծագումով շվեյցարացի միլիոնատեր Վարդան Սիրմաքեսը հայտարարել էր, որ Շիրակի մարզի ձեռներեցության աջակցության ծրագիր է սկսում: Այդ նպատակով հատկացվել էր 10 մլն դոլարի չափով կապիտալ՝ բիզնեսի արտոնյալ վարկավորման համար: Այդ գումարին Հայաստանի կառավարությունը հավելել էր եւս 2 մլն-ը:

Մարզի բիզնեսը մինչեւ 7 տարի ժամկետով ու 2 տարի արտոնյալ ժամկետով, 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկերի հնարավորություն է ստանում: «Ընդ որում նման վարկերից կարո ղեն օգտվել նաեւ մարզից դուրս՝ օրինակ Երեւանում գտնվող ընկերությունները, եթե որոշեն մեր մարզում մասնաճյուղ բացել»,- նշեց Ցոլակյանը: