Հունվարի 13-ին մահացած 26–մյա ծննդկան Արաքսյա Դանիելյանին «Արմավիր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվելուց անմիջապես հետո ռենտգեն հետազոտության չեն ենթարկել, քանի որ հղիների մոտ ռենտգեն հետազոտություն կատարվում է խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ նման անհրաժեշտություն բժիշկները չեն տեսել։ NEWS.am-ին նման պարզաբանում են ուղարկել «Արմավիր» ԲԿ-ից` արձագանքելով մահացածի ամուսնու բողոքին, որ «Արմավիր» ԲԿ-ում ուշացրել են իր հղի կնոջ հետազոտությունը:

«Արաքսյան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 26-ին` 21:25-ին, գանգատվել է ընդհանուր թուլությունից, ջերմության բարձրացումից` 39.4 աստիճան, ստացիոնարում կատարվել է լաբորատոր օժանդակ հետազոտություն, հայտնաբերվել է նաեւ անեմիա 2-րդ աստիճանի (հեմոգլոբին 80գ/լ): Հղին հրաժարվել էր ստացիոնար բուժումից` խնդրելով, որ բուժումը նշանակվի տանը ստանալու»,- ասվում է պարզաբանման մեջ:

Ըստ պարզաբանման` Արաքսյան կոնսուլտացիայի է ենթարկվել հերթապահ թերապեւտի կողմից, ախտորոշվել է վերին շնչուղիների սուր ինֆեկցիա, կատարվել է դեղորայքային բուժում` ներերակային կաթիլային ներարկումներ` դեզինտոքսիկացիայի նպատակով, որից հետո ջերմությունն իջել է 37.3 աստիճան:

«Թերապեւտի կողմից նշանակվել է կատարել թոքերի ռենտգեն հետազոտություն, չնայած թոքերում խզզոցներ չի լսել: Հիվանդի վիճակը եղել է բավարար եւ հանգիստ քնել է: Ռենտգեն հետազոտություն չի կատարվել, քանի որ հղիների մոտ ռենտգեն հետազոտություն, նույնիսկ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն կատարվում է խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է պարզաբանման մեջ:

Բժշկական կենտրոնի տնօրինության պնդմամբ` դեկտեմբերի 27-ին՝ կիրակի, հիվանդը նոր գանգատներ չի ներկայացրել, վիճակը եղել է բավարար, պտղի սրտի բաբախումը եղել է նորմայի սահմանում, պտղաջրերը` պահպանված: Դեզինտոքսիկացիոն եւ մնացած բուժումը շարունակվել է եւ հրավիրվել է թերապեւտի կրկնակի կոնսուլտացիա:  Հերթապահ թերապեւտի կողմից դարձյալ հիվանդի թոքերում խզզոցներ չի լսվել, ջերմությունը եղել է 37.2 աստիճան, ռենտգեն հետազոտման կարիք չի եղել:

Ըստ պարզաբանման` դեկտեմբերի 28-ի առավոտյան Արաքսյայի վիճակը եղել է բավարար, ջերմությունը` 37.4 աստիճան, ցանկություն է հայտնել դուրս գրվելու` պատճառաբանելով, որ տանն ունի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայր եւ փոքրահասակ երեխա:

«Բաժանմունքի վարիչը բացատրել է, որ այդ վիճակով դուրս գրվել չի կարող, անհրաժեշտ է կատարել ռենտգեն հետազոտություն, որից հետո որոշել դուրս գրման հարցը: Համայցից հետո հիվանդը ենթարկվել է ռենտգեն հետազոտության, որի ժամանակ հայտնաբերվել է թոքաբորբ: Կրկին կատարվել է թերապեւտի կոնսուլտացիա, որը թոքերում լսել է թաց խզոցներ, առավելապես` ձախից»,- ասվում է պարզաբանման մեջ:

Ըստ տնօրինության` քանի որ կարիք է եղել հետագա բուժումը շարունակելու Երեւանի  3-րդ կարգի մանկաբարձական բաժանմունքներից որեւէ մեկում, տրվել է ուղեգիր, սակայն ամուսինը ցանկացել է իր մեքենայով տեղափոխել նրան: Հիվանդանոցից վստահեցնում են, որ նրա վիճակն այդ պահին բավարար է եղել, մինչդեռ հարազատները պնդում են, որ Արաքսյայի ջերմությունը բարձր է եղել, վիճակը` ծանր:

Նշենք, որ Արաքսյա Դանիելյանի ամուսինը պնդում է, որ կնոջը եթե հիանդանոցում գտնվելու առաջին օրվանից ռենտգեն հետազոտության ենթարկեին, հնարավոր է` վիճակն այդքան չծանրանար: Նա մեզ հետ զրույցում ասել է, որ իր պնդմամբ են կնոջը ռենտգեն հետազոտության ենթարկել:

Դեկտեմբերի 31-ին Արաքսյային կեսարյան հատում են արել, լույս աշխարհ է եկել նրա երկրորդ զավակը՝ Ռուբենը, որի վիճակն այժմ լավ է, դեռ տուն չի տեղափոխվել: Արաքսյան հունվարի 13-ին մահացել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել: