Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դեւիդ Դոուլին, ով ավարտում է իր գործունեությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Դոուլի գործունեությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության եւ ԱԶԲ-ի միջեւ իրականացվել եւ այժմ էլ շարունակվում են մի շարք կարեւոր ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման, Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Դոուլին կատարած աշխատանքի եւ ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Իր հերթին, Դեւիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին համագործակցության համար եւ ընդգծել, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում գործադիրի անդամների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում երկկողմ համագործակցության ուղղությամբ արձանագրվել են մեծ ձեռքբերումներ: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության լավագույն օրինակներից է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագիրը, որն այս տարի նոր թափով կշարունակվի: Դեւիդ Դոուլը վստահություն է հայտնել, որ հետագայում եւս Հայաստանի եւ ԱԶԲ-ի ամուր փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Դեւիդ Դոուլին պարգեւատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով եւ նրան մաղթել նորանոր հաջողություններ: