Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամների կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: 

NEWS.am-ի հետ զրույցում զինված խմբի անդամ  Մարինե Կաթանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով:

Ըստ պաշտպանի այսօր՝ հունվարի 20-ին, նախատեսվում է նաեւ քննել Ասյա Մկրտչյանի եւ Խաչիկ Ավետիսյանի երկամսյա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: