«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը եւ մյուս քաղաքական կալանավորները գերության մեջ են: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

«Նրանք գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակիցստրուկների ամբոխի վերածելու համար»,-գրել է Կյուրեղյանի հայրը:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ վերջին օրերին հատկապես Հայկ Կյուրեղյանի եւ Գեւորգ Սաֆարյանի՝ գերության մեջ նրանց կյանքը ծայրահեղ ծանր դարձնելով, իշխանություները փորձում են ահաբեկել յուրաքանչյուր ազատ միտք ունեցող եւ հանուն հայրենիքի, պետության եւ արժանապատվության ընդվզող քաղաքացուն:

«Իշխանություները իրավիճակը մոտեցնում է մի կետի, որը այլեւս դառնում է բացարձակ անհանդուրժելի: Այս իրավիճակում, ոչ միայն Հայկի եւ Գեւորգի, այլեւ «իշխանության ներկայացուցիչների» կյանքը եւ առողջությունն է վտանգի ենթակա»,-ասել է Կյուրեղյանը:

Նշենք, որ Կյուրեղյանը իրեն մենախուց տեղափոխելու պահանջով հունվարի 14-ից հացադուլ է հայտարարել, իսկ հունվարի 19-ից նաեւ՝ ջրադուլ: