Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր՝ հունվարի 20-ին, հանդիպում էր հրավիրել՝ քննարկելու անցած տարվա հունիսի 23-ին ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների դեպքերը։

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ բռնություններից ավելի քան վեց ամիս է անցել, սակայն քրեական գործն ու նախաքննությունը կարծես ձեւական բնույթ են կրում։

«Մեկ քննիչի փոխարեն այսօր աշխատում է երեք քննիչ, սակայն էական ոչինչ չի կատարվում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Հանդիպմանը ներկա լրագրողները նույնպես փաստեցին, որ քննչական խմբի ձեւավորվելուց հետո իրենք մեկ անգամ հրավիրվել են ՀՔԾ՝ որոշ փորձաքննությունների ծանոթանալու։

«Իմ անձնական նախաձեռնությամբ ես հարց եմ ուղղել քննչական մարմնին եւ պարզվել է, որ տուժող է ճանաչվել ԶԼՄ-ի 18 ներկայացուցիչ»,- հայտնեց լրագրող Հակոբ Կարապետյանը։

Նշենք, որ ԽԱՊԿ-ի հարցին ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործով կա 31 տուժող, սակայն ԶԼՄ ներկայացուցիչների թիվը չէին հստակեցրել։

«Մենք հայաստանյան բոլոր հնարավոր ատյաններում պայքարելու ենք»,- հավելեց Կոմիտեի նախագահը։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցը ցրելիս՝ ոստիկանները բռնություն էին գործադրել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ՝ խլելով կամ կոտրելով վերջիններիս տեսանկարահանող սարքերը։ ԶԼՄ ներկայացուցիչներից շատերն այդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։