Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին տեղափոխում են այլ պատժախուց, որտեղ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԽ մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ վտանգ է սպառնում Գեւորգ Սաֆարյանին։
«Ի պաշտպանություն Գեւորգի՝ հացադուլ էին հայտարարել նաեւ Սաֆարյանի ներկայիս խցակիցները, բայց մեկուկես ժամ առաջ մի քանի հոգի մոտեցել ու ասել, որ պիտի տեղափոխեն այլ պատժախուց, իրենց նշած պատժախցում քրեականներն են»,-ասաց Ավետիսյանը։ Նա պնդում է, որ տեղափոխման նպատակը նրա հետ հաշվերհարդար տեսնելն է։ Գեւորգի ընկերները, գաղափարական համախոհները առայժմ փորձում են խնդրի մասին բարձրաձայնել իրավապահ մարմինների, պատգամավորների միջոցով։
«Փաստաբանն է զբաղվում հարցով, չի բացառվում, որ դիմենք Եվրադատարան, քանի որ Գեւորգի կյանքին վտանգ է սպառնում։ Նա պատահական մարդ չէ, գետնի վրա պայքարող երիտասարդության առաջամարտիկն է, նրա հետ հաշվեհարդար են տեսնում իշխանությունները։ Նրան հալածելով ու նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձում են երիտասարդներին հեռու պահել քաղաքական ընդվզումներից»,-ասաց Ավետիսյանը։
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանը երկամսյա կալանքի տակ է գտնվում հունվարի 1-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար։




























