Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 20-ին մերժել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ Երեւանի դատախազի որոշման, որով վերացվել էր իր եւ փաստաբան Նազելի Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանը, թեեւ պատճառաբանված որոշումը դեռեւս չի ստացել, բայց կարծում է, որ առաջին ատյանը կարող էր նախադեպային որոշում կայացնել՝ բավարարելով իր բողոքը:
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը եւս մերժել էր փաստաբանի բողոքը:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Նա եւ Նազելի Վարդանյանը երկու տարի առաջ դատարանում հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի իրենց վստահորդի մեղադրանքի հիմքում դրված է եղել հոգեկան հիվանդություն ունեցող վկայի ցուցմունք: Փաստաբանները անձնական միջոցներով չէին կարողացել գտնել այդ ապացույցը, միջնորդել էին դատարանին, որն ապացույցը պահանջել էր համապատասխան մարմնից, ներկայացրել է իրենց: Դատարանն ապացույցը տրամադրելիս ուղեկցական գրություն չէր գրել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ քննչական մարմինն այն համարի անօրինական ձեռք բերված ապացույց եւ քրեական գործ հարուցի այդ փաստով:




























