Գյումրեցի անօթեւան ընտանիքներին օգնելու եւ նրանց համար բնակարաններ գնելու համար SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը դրամահավաք է սկսել միջազգային http://www.crowdfunder.co.uk/ կայքում, որին բացի հայերից կարող են մասնակցել նաեւ եվրոպացիները:

NEWS.am-ի հետ զրույցում Հայկը նշեց, որ հույս ունի դրամահավաքի ընթացքում բավարար չափով գումար հավաքել ծայրահեղ ծանր գտնվող անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելու համար։

Դրամահավաքն սկսվել է հունվարի 20-ին, ժամը 05:00-ից: Դրամահավաքի կազմակերպչի խոսքով, կայքում կան որոշակի  կանոններ. 55 օրվա ընթացքում անհրաժեշտ է հավաքել  120000 ֆունտ եւ եթե այդ օրերի ընթացքում նշված գումարը չհավաքվի, ապա բանկային քարտի միջոցով փոխանցված գումարները վերադարձվում են դրամահավաքի մասնակիցներին:

«Գիշերվա 05:00-ից մինչեւ էս պահը հավաքվել է 560-ից ավելի ֆունտ, օրվա մեջ գոնե պետք է հավաքել 2000 ֆունտ, որ 55 օրում  հնարավոր լինի հավաքել այդ գումարը: Եթե անհրաժեշտ գումարը հավաքվի, կմեկնարկի դրամահավքի երկրորդ փուլը, որով նախատեսվում է հավաքել 1000000 ֆունտ, որով կկարողանանք կառուցել շենք բազմաթիվ ընտանիքների համար»,-ասաց նա:

Հայկ Բարսեղյանի խոսքով, քանի որ Գյումրիում անօթեւան ընտանիքները շատ են եւ միանգամից բոլորին օգնելն անհնար է, որոշվել է սկզբնական շրջանում օգնել 13 անօթեւանների` հետագայում մյուսներին օգնելու ակնկալիքով:

«Քանի որ չենք կարող բոլոր անօթեւան ընտանիքներին միանգամից օգնել, որոշեցինք խորհրդանշական թիվ վերցնել` 13 եւ հավաքել 120 հազար ֆունտ: Եթե կարողանանք այդ գումարը հավաքել, մյուսներին նույնպես կօգնենք»,-ասաց Հայկ Բարսեղյանը` քաղաքացիներին հորդորելով մասնակցել դրամահավաքին:

Նշենք, որ անօթեւաններին օգնելու համար կազմակերպված դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է մտնել հղումով, սեղմել Pledge պատուհանը, ընտրել նախընտրած գումարը եւ կատարել գումարի փոխանցում: