Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 21-ին, գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016 թվականի փետրվարի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:
Փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձեւավորված թվով 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 15-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 10-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 3-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2016 թվականի հունվարի 25-ից 27-ը` մինչեւ ժամը 18:00-ն:




























