Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է շահագրգիռ կողմերի բարի կամքից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը haqqin.az-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի պայմաններում Ռուսաստանը ակտիվ դեր է կատարում հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու հարցում: Ռուսական կողմը դրական է վերաբերում հակամարտությունը բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն ուղղված բարձր մակարդակով  քաղաքական երկխոսության առաջխաղացմանը: Կարծում ենք, որ կայացած համաժողովը որոշակի փուլ է կարգավորման աշխատանքներում, որոնք վերսկսվել էին անցած տարի Սոչիում ու հետո շարունակվել Ուելսում ու Փարիզում, նշել է Միրոնովը՝ հավելելով, որ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների միջնորդական գործունեությունը կշարունակվի: Բացի դրանից  Ռուսաստանի դաշնությունը առաջվա պես կշարունակի ինքնուրույն ջանքեր գործադրել, որպեսզի կողմերին օգնի փոխզիջման հասնել՝ համանախագահների կողմից համաձայնեցված մոտեցումների հիման վրա, նկատել է նա:

«Վստահ եմ, որ այս քարացած հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով: Այստեղ ամեն ինչ կախված է շահագրգիռ կողմերի բարի կամքից: Խնդրի ուժային լուծման փորձերը միայն կխորացնեն իրավիճակը ու լրացուցիչ խոչընդոտներ կստեղծեն խաղաղ կարգավորման ճանապարհին: Իսկ թե ինչպիսին լինի հակամարտության հուսալի կարգավորման վերջնական բանաձեւը՝ ցույց կտա ժամանակը»,- շեշտել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով խնդրի բացառապես խաղաղ լուծման որոնումը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կողքին՝ Սիրիայում արդեն պատերազմ է ընթանում, գործում է ԻՊ-ն, իսկ ամբողջ Մերձավոր Արեւելքի իրավիճակն էլ ապակայունացած է: