Գազի նոր գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններն առայժմ ավարտված չեն: Այդ մասին հունվարի 21-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ամփոփելով 2015 թվականը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը հաստատվել է հազար խմ-ի դիմաց 165 դոլար: Այժմ Հայաստանի կառավարությունը ռուս գործընկերներին է դիմել այդ գնի վերանայման հարցով: Քանի որ բանակցություններն ավարտված չեն, վերջնական գնի մասին խոսելը վաղ է: «Դժվար է ասել, թե ինչ սպասենք: Կտեսնենք: Աշխատում ենք», - հայտնել է Զախարյանը:
Նա հավելել է, որ իրանական կողմը չի արել այնպիսի հայտարարություններ, որոնցից հնարավոր լինի եզրակացնել, թե Իրանը կարող է ավելի էժան գազ տրամադրել, քան Ռուսաստանը: Իրանի հետ մատակարարումները շարունակվում են բարտերային սխեմայով (էլեկտրականություն Երեւանի ՋԷԿ-ի համար գազի դիմաց): Իսկ դրանից բացի, Հայաստանը միայն ռուսական գազ է սպառում:




























