«Բանդայի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Քյարամ Ամոյանը չի բացառվում, որ առաջիկայում ազատ կարձակվի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դատապարտյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի է մեջ է մտել արդեն:

«Օրենքով իմ պաշտպանյալը կարող է ազատ արձակվել, քանի որ պատժի կեսից ավելին արդեն կրել է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ սպասում են ՔԿՎ որոշմանը:

Ամոյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել անցած տարվա նոյեմբերի 19-ին: Նա կալանքի տակ է 2011թ. սեպտեմբերից: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, Սամվել Հովհաննիսյանի խոսքով, որեւէ դրական տեղաշարժ չկա:

«Քյարամ Ամոյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, այնտեղ էլ պատիժը կրելու է»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:

Քյարամ Ամոյանի մասն առանձնացվել էր՝ հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները: