Թբիլիսին ջանում է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ կապեր զարգացնել ԵՄ-ի եւ այլ տարածաշրջանների երկրների հետ: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին:
«Իհարկե, մենք պիտի հասկանանք քաղաքական լարվածությունը եւ բոլոր երկրներին, այդ թվում նաեւ` մեր երկրին պակաս լարված միջավայրում զարգանալու հնարավորություն տանք», — հայտնել է Գեորգի Քվիրիկաշվիլին:
Վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ Եվրոպային անհրաժեշտ է Չինաստանի եւ ասիական երկրների դինամիզմը, իսկ Ասիային պետք են եվրոպական տեխնոլոգիաներն եւ հմտությունները, տեղեկացնում է «Գրուզիա On-line»-ը:
Գեորգի Քվիրիկաշվիլին պատմել է վերջին շրջանում Վրաստանում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ վրացական երկաթուղու արդիականացման մասին: Նրա խոսքով, Վրաստանը սերտորեն համագործակցում է հարեւանների, Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարավկովկասյան տրանսպորտային միջանցքը կառավարելու միասնական մոտեցում մշակելու համար:
Քվիրիկաշվիլին հիշեցրել է, որ վերջերս իրականացվել է առաջին երկաթուղային ուղերթը Չինաստանից Ղազախստան, Ադրբեջան, Վրաստան եւ Եվրոպա եւ նշել է, որ այդ ուղղությունը շատ արագ զարգանում է:
Վրաստանի վարչապետի խոսքով, Վրաստանը բիզնես վարելու պարզության եւ ցածր հարկերի առումով համաշխարհային առաջատարներից է: Միաժամանակ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հարկերի վարչարարության ազատականացման ուղղությամբ եւ զգալի փոփոխություններ է իրականացնում` ելնելով Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրից:
«Վրաստանը ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրեր ունի տարածաշրջանի բոլոր երկրների եւ Եվրամիության հետ: Մենք հենց վերջերս բանակցսւթյուններ ենք սկսել Չինաստանի հետ համանման համաձայնագրի ձեւակերպման ուղղությամբ: Արդյունքում Վրաստանը կդառնա ամենաբաց տնտեսություններից մեկը», - հայտնել է Քվիրիկաշվիլին:
Նրա խոսքով, ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրներ հետ կապերի զարգացմանը զուգահեռ Վրաստանը ձգտում է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Իհարկե, մենք պիտի նվազեցնենք քաղաքական լարվածությունը եւ բոլոր երկրներին, այդ թվում նաեւ` մերին, պակաս լարված միջավայրում զարգանալու հնարավորություն տանք», - հայտնել է Գեորգի Քվիրիկաշվիլին:




























