Կոալիցիա կազմելու մասին տեղեկություններն օդում կախված են: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով տեղեկություններին, թե իշխող կուսակցությունն առաջիկայում կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ:
«Խոսակցություններն ընդամենը քաղաքական համագործակցության մասին են: Այժմ հանդիպումներ, զրույցներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջեւ, եւ այս քաղաքական գործընթացները կշարունակվեն, սակայն որեւէ բան վերջնական որոշված չէ: Այո, Դաշնակցության, Հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ականների միջեւ զրույց, քննարկումներ են եղել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե կոալիցիա ձեւավորվելու մասին քանի պորտֆել կհանձնվի ՀՅԴ-ին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ դեռեւս վաղ է այդ մասին խոսելը. «Դեռեւս հայտնի չէ` քանի ուժից կոալիցիա կձեւավորվի, կլինի նախընտրական, թե հետընտրական»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ «սկզբունքորեն» կողմ են կոալիցիա ձեւավորելուն եւ հանդիպում են ունեցել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Չի բացառվում, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա կկազմի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:




























