Ադրբեջանին ձեռնտու չէ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ հրահրելը, նրան բավարար է հրադադարի ռեժիմը խախտելը եւ ժամանակ առ ժամանակ զոհեր տալը: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

«Թուրքերը պատերազմ չեն սկսի, նրանք տաք փուռը չեն մտնի, նրանց այս իրավիճակը ձեռնտու է»,-ասաց նա:

Վովա Վարդանովն, այնուամենայիվ, նշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում հայկական բանակը եւ ԼՂՀ պաշտպանության բանակը  պատրաստ է հակահարված տալ հակառակորդին: «Հակառակորդին ջաջախելը քիչ է, ադրբեջանցիներին հաղթել հնարավոր կլինի միայն Բաքվում, մենք մինչ այժմ չենք հաղթել նրանց, այլ մի լավ ծեծ ենք տվել: Մեր բանակը պատրաստ է եւս մեկ անգամ ծեծել նրանց, բայց դրան պատրաստ չէ հասարակությունը»,-ասաց Վովա Վարդանովը: