Վանաձորում 2014թ. մայիսի 31-ին դաժան ծեծի ենթարկված՝ «Վանաձոր» առողջարանի պահակ, 60-ամյա Լյովա Բուլղադարյանը նախօրեին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա հարազատները:

Լյովա Բուլղադարյանը մոտ երկու տարի՝ բուժում էր ստանում, դաժան ծեծից հետո հաշմանդամություն էր ձեռք բերել. հազիվ էր քայլում, չէր խոսում:

Նշենք, որ Բուլղադարյանին ծեծի ենթարկած Բենիկ Ալեքսանյանին առաջին ատյանը դատապարտեց 2 տարի 11 ամսվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարի փորձաշրջան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Լյովա Բուլղադարյանը մի քանի ժամ մնացել էր պահակակետի մոտ գետնին ընկած, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Գործով կալանավորվել է 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: