Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով հունվարի 26-ին բողոքի ակցիա կանցկացնեն Երեւանի քաղաքապետարանի դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը նշեց, որ բնակիչները դեկտեմբերին հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, վերջինը խոստացել է լուծում տալ իրենց խնդրին, սակայն մինչ այժմ ոչինչ չի փոխվել, ոչինչ չի արվել: Պուշկինի փողոցի նախկին բնակիչներն իրենց բնակարանների խնդրի լուծման պահանջով հունվարի 21-ին նամակ են ուղղել նաեւ նախագահին, այժմ սպասում են պատասխանի:
«Արդեն ինչքան ժամանակ է ահավոր պայմաններում ենք ապրում, այլեւս չենք կարողանում, խոստանում են ու ոչինչ չի արվում, չգիտեմ թե ինչքան է այսպես շարունակվելու: Չեն մտածում իրենց քաղաքացիների ոչ առողջության, ոչ էլ ապրելու պայմաններ ստեղծելու մասին: Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնենք, կպահանջենք լուծել մեր բնակարանների խնդիրը այնքան, մինչեւ, որ մեզ վրա նույնպես ուշադրություն դարձնեն»,-ասաց Պուշկինի նախկին բնակիչը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել:




























