Զոհված ազատամարտիկ Հայկ Գալստյանի եղբայրը՝ Հովհաննես Գալստյանը ահազանգում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իր մորը պետք է զոնդավորում անեն, սակայն ըստ իրենց ներկայացված հաշիվների՝ նա չի կարող օգտվել արտոնություններից եւ զոնդավորման գումարը պետք է վճարվի ամբողջությամբ:

«Մամայի մոտ սկզբում ախտորոշել էին լեղապարկի քարեր: Տարանք հիվանդանոց, ասեցին՝ 4 օր հետո վիրահատելու ենք, բայց վերջին օրը ինֆարկտ տարավ, տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք, պետպատվերով զոնդավորում կատարեցին, տեղադրվեց մեկ ոչ դեղապատ ստենտ: Հետո տվել են եզրակացություն, որ նրան անհրաժեշտ է ևս չորս ստենտի տեղադրում, կամ բաց վիրահատություն: Չորս ոչ դեղապատ ստենտի արժեքը կազմում է 2,3 մլն դրամ, իսկ դեղապատինը՝ 4,8 մլն դրամ, իսկ բաց վիրահատության արժեքը 2,7 ,լն դրամ է: Հիմա պետք է հիվանդանոցը բժշկական եզրակացությունը տա, որ տանեմ ՊՆ, հաստատեն ու արտոնություն տան, հիվանդանոցում են ասեցին՝ պաշտպանության նախարարությունը նման ծառայություն չունի արդեն մեկ տարուց ավելի է, իմաստ չունի գնալ, դիմելը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Գալստյանը, որը նույնպես արցախյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ:

Հովհաննես Գալստյանը նշեց, որ իր համար զարմանալի է եղել նման պատասխանը, քանի որ ինքը մոտ մեկ տարի առաջ վիրահատության է ենթարկվել ու դրա գումարի կեսը փոխհատուցել է պաշտպանության նախարարությունը:

Հիվանդանոցից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվեն, ապա նախարարությունը վիրահատության գումարի մինչեւ 50 տոկոսի չափով փոխհատուցում է: