Արդեն 300 հազար մարդ ստորագրել է այն խնդրագիրը, որով առաջարկվում է հունական կղզիների բնակիչներին  Նոբելյան մրցանակի ներկայացնել ավելի քան  800 հազար փախստականի օգնելու համար: Փաստաթուղթը ներկայացված է գլոբալ ցանցային ընկերակցության Avaaz.com կայքում, որը ջանում է մեծացնել ամբողջ աշխարհում հասարակ մարդկանց ազդեցությունը քաղաքականության վրա:  

Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian թերթը, պահանջագրին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ աշխարհի տարբեր երկրներից մի շարք գիտնականներ, որոնց թվում նոբելյան մրցանակակիրներ կան: Նոբելյան կոմիտեի արարողակարգի համաձայն, հայտերը կարող են ընդունվել մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի  1-ը, եթե դրանք ստացվել են   «որակավորված խմբերից եւ ընկերակցություններից», որոնց թվում են խորհրդարանի անդամներ, միջազգային դատարաններ, նոբելյան մրցանակակիրներ: 

Հունաստանի բնակիչները, նախ եւ առաջ` այն կղզիների բնակիչները, որտեղ գալիս է փախստականների մեծ մասը, օգնում են նրանց, չնայած երկրում տնտեսական ճգնաժամին: Միաժամանակ Հունաստանի քաղաքացիների զգալի մասն ինքն էլ գործազուրկ է: 

2015-ին մեծ հայտնիություն է ձեռք բերել 34-ամյա հույն սերժանտ Անտոնիս Դելիգեորգիսը: Անցած տարվա ապրիլին նա իր կնոջ հետ մտել է ծովափի սրճարան: Այնտեղ տեսել  է, թե ինչպես է ափի մոտ ջրասույզ լինում փախստականներով նավակը: Սերժանտն անմիջապես միացել է փրկարարական աշխատանքներին: Նրան հաջողվել է ջրից հանել  20 մարդու: Նրա փրկած փախստական կանանցից մեկը հղիության վերջին ժամկետում էր` ծագումով Էրիթրեայից եւ իր երեխային անվանակոչել էր Դելիգեորգիսի պատվին: Հունաստանի կառավարությունը սերժանտին շքանշանով է պարգեւատրել, տեղեկացնում է RG-ն:

Միաժամանակ, հույն բնակչության կողմից փախստականներին օգնելը նաեւ քննադատություն է առաջ բերում: Պրոֆեսիոնալ փրկարարները պնդում են, օրինակ, որ կամավորները հաճախ ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ: Բացի այդ, Հունաստանում շատերը մտավախություն ունեն, որ երկրի հիմնական ծովային հանգստավայրեր փախստականների հոսքը կվախեցնի զբոսաշրջիկներին, որոնք կղզիներում շատերի եկամտի հիմնական աղբյուրն են: 

Փախստականները եւս ոչ միշտ են գոհ: Նրանցից շատերին վրդովեցնում է ժամանակավոր ճամբարներում հիգիենայի ցածր մակարդակը, ինչպես նաեւ ձեւակերպումների ձգձգվող գործընթացը, ինչը նրանց հնարավորություն չի տալիս արագ ուղեւորվել Գերմանիա եւ ԵՄ-ի այլ առաջատար երկրներ: