Ադրբեջանի ոսկե ֆոնդը կրճատվել է. երկրի ոսկե պաշարն արդեն 5 մլրդ դոլարից էլ պակաս է։ Այս մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը դադարել է թարմացնել իր կայքերն անգամ ադրբեջաներենով։ «Ադրբեջանցիները վերջին ժամանակներս շատ են խամրել, մյուս կողմից հետաքրքիր դինամիկա է նկատվում շփման գծում»,- նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում բացվել է Կաշենի հանքավայրը, որն աշխատում է օտարերկրյա մասնակցությամբ։ «Դա սկզբունքորեն ավելի կարեւոր է, քան ԵԽԽՎ բանաձեւը»,- նշել է Իսկանդարյանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կաշենի (Ծաղկաշեն) հանքավայրի տարածքում նախապատրաստական շինարարական աշխատանքներ են տարվել՝ հանքաքարի արդյունաբերություն սկսելու նպատակով։

2012թ. մարտին «Վալեքս Գրուպ» ընկերության  և Լեռնային Ղարաբաղի կառավարության միջև ստորագրվել է համապատասխան համաձայնություն Կաշենի հանքավայրում արդյունաբերական աշխատանքներ կազմակերպելու համար։ Հանքավայրը շահագործելու է «Վալեքս Գրուպի» ընկերություններից մեկը՝ «Բեյս Մեթալսը», որը 2002թ.-ից շահագործում է Դրմբոնի ոսկու եւ պղնձի հանքավայրը։ «Վալեքս Գրուպը» պլանավորում է տասը տարում հանքավայրի շահագործման համար 80 մլն դոլար ներդնել։