Թուրքիայից սննդամթերքի ներմուծման արգելքը Ռուսաստանում կարող է առաջ բերել գնաճ եւ սրել Մոսկվայի եւ ԵՏՄ գործընկերների միջեւ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գայդարի ինստիտուտի եւ Ժողովրդական տնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի պատրաստած տնտեսական դիտարկման արդյունքները։

«Թուրքիայից ներկրվող ապրանքները այլ մթերքներով փոխարինելը կարող է ռուսական շուկայում գնաճի հանգեցնել»,- ասված է փաստաթղթում։

Փորձագետները չեն բացառել, որ Անկարան կարող է պատասխան արգելք սահմանել ռուսական ապրանքների համար։ Ընդ որում, նրանք նշել են, որ Թուրքիա արտահանվող ռուսական ապրանքներն ավելի թանկ են, քան  Թուրքիայից ՌԴ ներմուծվող արտադրանքը։

Բացի այդ փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ ռուսական էմբարգոն չի վերաբերում ԵՏՄ մյուս երկրներին, որոնք շարունակում են թուրքական ապրանք ներկրել։ Նրանց կարծիքով նման իրավիճակը կարող է վատացնել հարաբերությունները Մոսկվայի հետ ռուսական շուկայում նման արտադրանք հայտնվելու պատճառով։