Ռուսաստանում ավարտվել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի հետաքննությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մեղադրյալներից մեկի փաստաբան Մուսա Հադիսովը։

«Հենց նոր ինձ զանգեցին քննչական կոմիտեից եւ ասացին, որ գործի քննությունն ավարտվել է»,- ասել է փաստաբանը։

Այն բանից հետո, երբ մեղադրող եւ տուժած կողմեր ծանոթանան գործի նյութերին, այն կհանձնեն դատախազությանը, իսկ հետո՝ դատարանին։

Գործով այս պահին ձերբակալված է 5 մարդ՝ ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւը, տեղեկություններ տրամադրած Համզաթ Բախաեւը, որը սպանությունից հետո պետք է թաքցներ մասնակիցներին, Թամերլան Էսկերխանովը, որը հետեւել էր Նեմցովի տեղաշարժին, ինչպես նաեւ եղբայրներ Անզոր եւ Շադիդ Գուբաշովները, որոնց դերը հանցագործության մեջ քննությունը չի  բացահայտում։

Բացի այդ, հեռակա կարգով կալանավորվել եւ միջազգային հետախուզման մեջ է հայտարարվել սպանության ենթադրյալ կազմակերպիչ «Հյուսիս» գումարտակի սպա Ռուսլան Մուհուդինովը։