Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության միջեւ կոալիցիոն իշխանություն ձեւավորման մասին բանակցությունները դեռ ընդամենը բանակցություններ են, ժամանակը ցույց կտա, թե արդյոք կոալիցիոն իշխանություն կձեւավորվի, թե ոչ: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Քաղաքական ուժերից հատկապես ՀՅԴ-ի հետ որոշակի հանդիպումների շարք է սկսվել ապագա քաղաքական ընդհանուր ծրագրերի հետ կապված, եւ սա պատահականություն չէր, քանի որ սահմանադրական փոփոխությունների տեքստի քննարկման ժամանակ էլ քաղաքական համաձայնություն կար եւ դա բնական շարունակությունն է համագործակցության: Ժամանակը ցույց կտա համագործակցությունը  կոալիցիայի տեսքով կլինի, թե ոչ»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Պատգամավորի խոսքով, լուրերը, թե բանակցությունների ընթացքում որոշվում են նաեւ ինչ-որ անձանց կոնկրետ պաշտոնների նշանակելու հարցերը, չեն համապատասխանում իրականությանը:

«Ընդամենը բանակցում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ որեւիցե պայմանավորվածության չեն եկել դեռ ինչ-որ մարդկանց ինչ-որ պաշտոնների նշանակելու հարցում: Մենք երկու նման կոալիցիոն կառավարման տխուր փորձ ունեցել ենք, երբ ընդամենը մեկ կամ երկու տարի անց այն փլուզվել է, կարծում եմ, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա, որ կոալիցիոն իշխանությունը երկար տեւի»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ-ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը` մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին, իսկ սահմանադրական հանրաքվեին ՀՅԴ-ն, երբեմն հանրապետականներից էլ առավել ջանասիրությամբ պաշտպանում էր նախագիծը։