Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբան Հերմինե Միքայելյանը:

Արման Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը Հանրային հեռուստաընկերության աշխատակից արբանյակային հեռարձակման թողարկիչն էր:

Նշենք, որ հունվարի 25-ին ազատ են արձակվել նաեւ Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: