Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ` 71-ամյա հայր Անտոն Թութունջյանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել:
Հայր Անտոնի համար որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:
Օրեր առաջ փոխվել էր նաեւ այս գործով կալանավորված` «Ռադիո Մարիամ» լրագրողուհիներից Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը: Նա այն լրագրողն է, ով հարցազրույցներ է արել խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի հետ:
Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել «Ռադիո Մարիամը», որում, մասնավորապես, ասված է. «Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»:
Նշենք, որ հայր Անտոնը «Մարիամ» ռադիոկայանի Գյումրիի մասնաճյուղի հիմնադիրն է:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























