Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տիրում է ոչ թե հակահայկական, այլ ադրբեջանամետ տրամադրվածություն, եւ դա տարբեր պատճառներ ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով, այդ կառույցը ճնշման լծակ է այն երկրների վրա, որոնք Եվրոպայի հետ խնդիրներ ունեն: «Դա ակնհայտ դարձավ մանավանդ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: ԵՏՄ-ին Հայաստանին անդամակցության գործոնը կարեւոր դեր է կատարում»,- շեշտեց Լեռնիկ Ալեքսանյանը:
ԵԽԽՎ զեկույցները, շարունակեց պատգամավորը, չեն կարող որեւէ իրավական ազդեցություն ունենալ, բայց կարող են տեսակետ ձեւավորել: «Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը, որն ընդունվեց, կարող է տեսակետ ստեղծել, ու այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք: Համենայնդեպս սա «դեղին քարտ» է բոլորիս, մենք պետք է աշխատենք միջազգային համայնքի դրական տեսակետ ձեւավորելու ուղղությամբ»,- նշել է Լեռնիկ Ալեքսանյանը:
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչն էր հայկական պատվիրակությանը խանգարում այնպես աշխատել, որ զեկույցների քննարկումը կանխվեր, պատգամավորը նշեց, որ կան բաներ, որոնք պատվիրակության անդամները չէին կարող կանխատեսել: «Օրինակ մեր բարեկամ Վրաստանը «կողմ» է քվեարկել զեկույցների ընդունմանը, որպեսզի հաճոյանա Ադրբեջանին: Կան խնդիրներ, որոնք կարելի էր կանխատեսել ու հակառակը: Դա ավելի շատ քաղաքական հարաբերությունների գնահատական էր»,- նկատեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Մարկովիչի զեկույցի ընդունումից հետո, շեշտեց նա, հայկական կողմը պետք է այնպես անի, որ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հարցով բանակցությունները ղարաբաղյան կողմի հետ վարվեն:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ Ստրասբուրգում, քննարկվել են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ու բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը միտումնավոր կերպով զրկում են ջրից» միակողմանի զեկույցները:




























