2015թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմացնել այն եւ ապահովել ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, ԼՂՀ կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ նշել է երկրի նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը, խոսելով 2015 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար:
Ինչ վերաբերում է 2016թ. անելիքներին՝ Բակո Սահակյանը կարեւորել է բյուջետային միջոցների արդյունավետ, խնայողաբար ու նպատակային օգտագործումը՝ հավելելով, որ դրանք պետք է ունենան սոցիալական ուղղվածություն:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2016 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք:



























