Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները աշխատանքային այցով մեկնել էին Գյումրի։ Այցելության նպատակը՝ ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգողի նշանակումն էր: Այդ պաշտոնում նշանակվեց համաներմամբ ազատություն ստացած ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը, ով ժամանակին եղել է Գյումրիի զինվորական ոստիկանության պետը: Գյումրի ժամանածների մեջ էին Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Շահնազարյանը, Սմբատ Այվազյանը, Պետրոս Մակեյանը, Վարդան Մալխասյանը եւ այլոք:

Գյումրիի ՀԱԿ-ի նորաբաց գրասենյակում Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպեցին տեղի ակտիվիստների հետ, որոնք հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀԱԿ ներկայացուցիչներին:

Ի դեպ, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական մասը լինելու է ղարաբաղյան գործընթացը` իր գնահատականներով: Նրա խոսքով, Ալիեւ-Սարգսյան մոսկովյան հանդիպումից հետո ՀԱԿ-ն էր, որ կարողացավ աղմուկ բարձրացնել, հասարակությանն աշխուժացնել և այս հարցը քննարկման առարկա դարձնել։

«Մենք կարողացանք աշխուժացնել և ակտիվացնել Ղարաբաղը որոշ իմաստով, չեմ կարող ասել՝ 100 տոկոսով։ Մեր ակտիվությամբ, մեր ելույթներով կարողացանք այնպես անել, որ անգամ ղարաբաղցիները կարողացան հասկանալ, որ կարծես թե ինչ-որ դավադիր ծրագիր է նշմարվում»։