Կատակասերներ Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են Վովան եւ  Lexus անուններով, երկու օրվա ընթացքում կարողացել են զանգել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, «Մոսկովսկի կոմսոմոլեցին» պատմել է Վովանը: 

Կատակասերների խոսքով, այդ ընթացքում նրանք համաձայնեցրել են զրույցը եւ փորձել են անձամբ Թուրքիայի նախագահի հետ կապվել:  «Չեմ կարող բացահայտել մեր բոլոր մասնագիտական գաղտնիքները, բայց նրա անձնական հեռախոսահամարը չկարողացանք գտնել: Նրա հետ բջջային կապով չենք խոսել:  Էրդողանին հասնելու համար ստիպված եղանք անցնել մարդկանց ամբողջ շղթայով եւ յուրաքանչյուրին բացատրել մեր բանակցությունների նպատակը», — ասել է Վովանը:

Զանգողները ներկայացել են որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո եւ վարչապետ Արսենի Յացենյուկ: Թուրքական կողմի առաջարկով, պնդում են կատակասերները, զրույցն ընթացել է ռուսերենով, թարգմանչի մասնակցությամբ:  Ինչպես նշել է կատակասերը, զրույցն ընթացել է «պաշտոնական տոնայնության մեջ», այն մոտ 30 րոպե է տեւել:

«Նրա կողմից ոչ մի խելահեղ անկեղխություն չարվեց, ոչ մի գաղտնիք նա չհայտնեց: Ընդամենը ասաց իր կարծիքը Ռուսաստանի, Ուկրաինայի դիրքորոշումների վերաբերյալ: Բայց ընդհանուր եզրակացություններ այդ ամբողջ երկխոսությունից մարդիկ կարող են անել», — հավելել է Վովանը: Կատակասերին թվացել է, թե Էրդողանը կուզեր հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ: 

Ուրբաթ կատակասերները հրապարակել են իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ զրույցի ազդը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից:  Ձայնագրության մեջ   «ուկրաինական կողմի» ներկայացուցիչները «Թուրքիայի նախագահին» առաջարկում են «ստեղծել այն երկրների ղեկավարների երկխոսություն, որոնց դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցներ են մտցվել»: